ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի նոր հնարավորությունների թեմայով պանելային քննարկման ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որում Ալիևը պնդել էր՝ Սևանա լիճը ոչ հայկական անվանմամբ էր կոչվում, երբ Հայաստանը Ցարական Ռուսաստանի կազմում էր։
Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևը ոչ թե ասել է լճի անունը «Գյոյչա» է, այլ որ ցարական քարտեզում Սևան չկա։
Վարչապետը հավելել է, որ այն հանգամանքը, որ ստիպված է մեկնաբանել Ալիևի խոսքերը, իրեն դնում է «բարդ իրավիճակի» մեջ, քանի որ պետք է պարզաբանի, թե իրականում ինչ է ասել Ալիևը։
«Երկընտրանքի առաջ եմ․ արդյոք ընդգծե՞մ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև նա ասել է՝ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչո՞ւ է անհարմար իրավիճակ, որովհետև փոխանակ ձեր հարցին պատասխանեմ՝ նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ եթե նայենք նույն այդ քարտեզներին, ապա կնկատենք, որ հայկական մյուս բնակավայրերի անուններն այնտեղ ևս գրված են այլ ձևով։
«Այսինքն՝ Կիրովաբադի և Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասացի»,- նշել է նա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունն ավելի քան 30 տարվա սոցիալական հոգեբանության արդյունք է։ Նա այս հայտարարությունները բացատրել է՝ ասելով, որ «սոցիալական հոգեբանությունը չի կարող անջատվել անջատիչով կամ կանգնեցվել արգելակը սեղմելով» և հավելել, որ նմանատիպ տրամաբանություն երբեմն դրսևորվում է ղեկավարության մակարդակով։ Վարչապետը նշել է, որ Երևանը պետք է գտնի այս երևույթը լուծելու ճիշտ բանաձևերը։
Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց: Նա նշել էր, որ «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա, և իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը զուգահեռներ էր անցկացրել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների և 1908 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում։



































