ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի լինի Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանի անդամ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Քոչարյանը չի ընդունում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի որոշումը՝ արխիվացնել իր ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ այն լիագումար նիստում քննարկելու փոխարեն։
Այդ ժամանակվանից ի վեր, պարբերականի տվյալներով, Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ «Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ»։
Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հատարարել էր, որ զեկույցը լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
Կարդացեք նաև՝
Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան


























