«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանի հետ մաքսանենգ ծխախոտի արտահանման պատմությունը հաստատ կապ չի կարող ունենալ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի թեմային, որին անդրադարձել էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ համանման սխեմաները նախկինում իբր կարող էր օգտագործել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, բայց ոչ մի կերպ Հակոբյանը:
«Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ»,- հայտնել էր Միքայել Մինասյանը:
Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով նշված ինֆորմացիային, ասաց, որ ազգային անվտանգության տեսանկյունից, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, ապա մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի Հայաստանի մաքսային տարածքում:
«Եթե այն հայտնվել է օտար պետության մեջ և ֆիքսվել է, ապա քերական գործեր կհարուցվեին և դրա ամբողջությունը պահանջելու է, որ բացահայտվեն մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները: Բայց եթե մաքսանենգ չէ, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է, ստացվում է՝ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը»,-ասաց նա:
Քոչարյանը կարևորեց, որ ուսումնասիրություններն իրականացվեն ամբողջությամբ, քանի որ միայն այդ դեպքում պարզ կդառնա, որ նման քայլերի հետևում կարող էին կանգնած լինել Վարդան Հարությունյանը և մյուսները: Նրանք կապված են օլիգարխների հետ, որոնք գործել են նախկին իշխանությունների օրոք։
Նա կոչ արեց, որ այս թեման ընդհանրապես չշահարկվի վարկաբեկման այն տիրույթում, որը նպատակ է դրված իշխանության լեգիտիմությունը «մաշեցնելու» առումով: «Եթե մաքսանենգ ապրանք է, ապա պետք է ՌԴ-ից տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ, բայց այդպիսի գործընթաց չկա»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






