Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ քայլերը, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Փաշինյանն ու Մակրոնը խոսել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի մասին: Ելիսեյան պալատի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:
Վարչապետը Փարիզում հանդիպում է ունեցել նաև մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ: Նրանք անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






