«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դեմ են քվեարկել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ պատգամավորները դեմ են քվեարկել իր և ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորի հեղինակած առաջարկությանը։
«Առաջարկով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»,- գրել է Խաչատրյանը։
Երևանում հոկտեմբերի 28-30-ն ընթանում է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը, որը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






