Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը որևէ կերպ չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, ժողովրդավարական արժեքների տրամաբանության մեջ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ տեղի է ունեցել տհաճ և ցավալի միջադեպ, որի առնչությամբ ԲՀԿ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։
ԱԺ ճեպազրույցների ընթացքում պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք կոչ են արել իրենց գործընկերներին վերադառնալ կառուցողական աշխատանքային դաշտ:
«Հատկապես այս՝ արտակարգ դրության, հավարակի պայմաններում իսկապես մեր երկրի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որոնք օր առաջ լուծվելու կարիք են զգում: Հիմա փոխանակ այդ ուղղությամբ, տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու մասով քայլեր ձեռնարկեվեն, խորհրդարանը զբաղված է օրեր շարունակ արհեստական օրակարգը քննարկելու ուղղությամբ, որը որևէ մեկին օգուտ չի տալու»,- վստահեցրեց պատգամավորը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ պետք է քննություն իրականացվի, մեղավորները պարզվեն և գնահատականներ հնչեցվեն:
«Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու բարտերային առաջարկներին, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի իր գործունեության տրամաբանությունը», — ասաց բանախոսը:
Իր հերթին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ժողովուրդն այսօր սպասում է լուծումների:
«Մեր գործն ի՞նչ է՝ նորմալ օրենքներ ընդունել, կենսունակ օրենքներ ընդունել և հետևել, որ կառավարությունն այդ օրենքներն իրագործի: Դրա շուրջը պիտի լինի բանավեճը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






