ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում։ Նշվում է, որ Փաշինյանը շնորհավորել է Սանդուին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։
Սանդուն Փաշինյանին շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։
Կողմերը քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նրանք ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։





































