ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում: Բանավեճի թեման 2018 թ. թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններն էին:
Սիմոնյանը Մարուքյանին ցույց էր տալիս ֆեյսբուքյան էջում՝ «Ելք» դաշինքի խմբում արված մի գրառում, ապա խոստանում այն հրապարակային դարձնել:
«Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի «Ելք» դաշինքի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրենք նախընտրեցին գալ հիվանդանոցներ արդեն, երբ վիրավորներ կային: Իսկ Մարուքյանը ասում էր, որ սա սուտ է և նման բան չի եղել»,- կարճ ժամանակ անց իր էջում գրեց Սիմոնյանը: Մարուքյանը խոստացավ այս հրապարակմանը հակադարձել մեկ այլ հրապարակմամբ։
Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:
«Ձեզ ոչ մեկ հետևից չի խբել, տեսանյութ կա», — ասաց Սիմոնյանը, ինչին Մարուքյանը, դիմելով լրագրողներին, ասաց՝ «Նայեք՝ ում հետգործ ունեք»։
Ալեն Սիմոնյանն էլ հավելեց․
«Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել են, հարվածե՞լ են»:
Մարուքյանն էլ նկատեց, որ բանավեճ չունի և չարձագանքեց Սիմոնյանի այլ ասածներին՝ նշելով, որ այս մարդկանց պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






