Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դուրս է բերել ստորաբաժանումները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ 47 քուրդ զինյալ արդեն լքել է երկրի տարածքը զինված ուժերի և ժանդարմերիայի պահպանության ներքո՝ ծանր սպառազինությունը թողնելով սահմանի մոտ:
Կուսակցության ղեկավարությունը հոկտեմբերի 26-ին հայտնել էր այս քայլի նախապատրաստության և իր զորքերն Իրաքի հյուսիս տեղափոխելու մասին:
«Այդ քայլն իրականացվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կառավարության միջև խաղաղ գործընթացի շրջանակներում։ Ղեկավարությունը նաև կոչ է անում Անկարայի կառավարությանը կատարել խաղաղության համաձայնագրի իր մասը, և ընդունել քրդերի ինտեգրման մասին օրենքներ»,- ասվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը ողջունել է այս հայտարարությունը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է հասնել կայուն խաղաղության և անվտանգության։
Փետրվարին Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը խմբավորման անդամներին կոչ էր արել դադարեցնել Անկարայի հետ զինված դիմակայությունը: Հուլիսին տեղի էր ունեցել Քրդական բանվորական կուսակցության ուժերի կողմից զենքը հանձնելու առաջին արարողությունը։


































