«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կապ չունի նախկինների հետ՝ ո՛չ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացածի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը և հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանի» ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու նշյակ շահարկումներին։
Մարուքյանն ընդգծեց, որ շահարկումների ոչ մի ապացույց մինչև այսօր չի ներկայացվել, նաև կոչ արեց նախկինների հետ կապ ունեցող մարդկանց քանակը համեմատել ԼՀԿ-ում և «Իմ քայլում»։
«Նախկինների համատեքստում իրանք են իրանց ամբողջ ուղնուծուծով։ ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում։ «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունում կա շա՞տ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ», — ասաց նա՝ հավելելով, որ իշխանականների մեջ կան մարդիկ, որոնք այնքան ճաանպարհ են անցել նախկիննեի հետ, որ իր կյանքը չի հերիքի՝ այդքան ճանապարհ անցնելու։
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքին անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց, որ իշխանության անդամները ստում են, երբ ասում են, թե իրենց խմբակցությունը պայքարում է այդ օրենքի դեմ։
«Այդ օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






