Ազգային ժողովի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մտադիր է զբաղեցնել խորհրդարանի նախագահի պաշտոնն 9-րդ գումարման Ազգային ժողովում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ վերջին օրերին Ռուբինյանի ակտիվությունը քննարկումներ է առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացակայության պայմաններում հոկտեմբերի 21-ին Ռուբինյանն էր նիստը վարել: Հայտարարությունների ժամին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո նկատողություն էր նրան հայտարարել, ապա վիճաբանել նրա հետ:
Թերթի աղբյուրները նշել են, որ այս դեպքը Ռուբինյանի համար ղեկավարությանն իր որակները ցույց տալու առիթ էր։
Պարբերականը հիշեցրել է, որ ՔՊ վարչության վերջին ընտրություններում Սիմոնյանն ավելի քիչ ձայն էր ստացել, քան 11-րդ տեղն զբաղեցրած Ռուբինյանը:
Ռուբինյանից բացի խոսնակի պաշտոնին հավակնում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և վարչապետի խորհրդական, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, նշում է թերթը:





































