Գյումրիի քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում, լրագրողներին հայտնել է Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
Զուգահեռ՝ Գյումրու քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների ու չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
«Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։ Վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,- ասված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել են թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Armenia Today-ին «Մեր ձևով» շարժումից տեղեկացրել էին, որ Մխիթարյանին բերման են ենթարկել, երբ նա փորձել է կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։





































