Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 22-23-ը Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ միջազգային համաժողովի շրջանակում կմասնակցեն բարձր մակարդակի երկխոսության, հայտնում է 1tv.ge-ն։
Ինչպես հաղորդում է ֆորումի մամուլի ծառայությունը, քննարկմանը կմասնակցի նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Ակնկալվում է, որ համաժողովը կհավաքի շուրջ 2000 պատվիրակի ավելի քան 60 երկրից, այդ թվում ՝ պետությունների ղեկավարների, նախարարների, միջազգային կազմակերպությունների, խոշորագույն ընկերությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների:
Թբիլիսյան համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ և համարվում է ռազմավարական երկխոսության ու միջազգային համագործակցության տարածաշրջանային առաջատար հարթակներից մեկը: Ֆորումի հիմնական նպատակն Արևելքի և Արևմուտքի միջև տրանսպորտային, առևտրային, էներգետիկ և թվային կապի ամրապնդումն է:
Համաժողովը մեկնարկել է 2015 թվականին՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ներկայացված նախաձեռնության շարունակություն, և այդ ժամանակից ի վեր այն դարձել է միջազգային օրակարգի կարևոր իրադարձություն: Նախորդ նստաշրջանները տեղի են ունեցել 2015, 2017, 2019 և 2023 թվականներին:
Փաշինյանն ու Ասադովը մասնակցել են համաժողովին նաև 2023 թվականին. այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ եռակողմ հանդիպում էր ունեցել։






































