ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հանկարծակի սկսել է քաղաքական ակտիվություն դրսևորել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Դավոյանը շուրջ մեկ տարի պահում էր քաղաքական լռություն՝ չունենալով ո՛չ ելույթ, ո՛չ հարցազրույց, անգամ՝ շփում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի ներսում ընթացող գործընթացներին։ Լռությունը, հրապարակման համաձայն, պայմանավորված էր նրանով, որ Դավոյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու աջակցություն չէր ստացել։
Իշխանական շրջանակների համաձայն՝ Դավոյանը փորձում է Փաշինյանի ուշադրությունը վերստին գրավել, քանի որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ի ընտրացուցակում անցողիկ տեղ ունենալու խնդիր ունի, հավելել է թերթը։
2024 թվականի դեկտեմբերին մամուլը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ պատգամավորներ Դավոյանը և Անդրանիկ Քոչարյանը կուսակիցներին մեղադրել էին կոռուպցիայի մեջ։ Նրանք նշել էին Սյունիքի մարզի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, Ավինյանին, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։





































