Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու վրա, հայտարարել է «Մեր ձևով» շարժումը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման մասին որոշմանը։
Շարժումը շեշտել է, որ երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին։
«Սա ուղղակի խայտառակություն է։ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- հավելել են շարժումից։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական: Հոկտեմբերի 3-ին դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկամյա ազատազրկման։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր, Աջապահյանի ազատազրկման որոշումը կայացրած Արմինե Մելիքսեթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և հեռացման հարցը քննարկելու նպատակով: Փաստաբան Ռոբերտ Ամստերդամը շեշտել էր, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







