ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և TRIPP նախագծի իրագործմանը։ Ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։
Օգոստոսի 9-ին Կոշտան և Լայենը ողջունել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ նշելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման մեջ ներդրումներ կատարելու պատրաստակամություն։




































