Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարությամբ են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ՝ նշելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման մեջ ներդրումներ կատարելու պատրաստակամություն։
«ԵՄ-ը ողջունում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և դրական է գնահատում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ Սպիտակ տանը քաղաքական հռչակագրի ստորագրումը կարևոր քայլ էր, որը ճանապարհ է բացում դեպի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն», - ասված է ԵՄ ղեկավարների հայտարարությունում։
ԵՄ-ը կարևորում է ձեռք բերված պայմանավորվածությունների ժամանակին իրականացումը՝ առաջընթացը պահպանելու և հարաբերությունները կարգավորելու համար։ Եվրամիությունը աջակցում է այս գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար՝ օգնելու տարածաշրջանի բնակիչներին և նպաստելու խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ,օգոստոսի 9-ին նախաստորագրել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





































