Տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինեն, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանին՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը:
««Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է արտգործնախարարը:
Նա շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և շեշտել՝ հույս են դնում միջազգային բոլոր գործընկերների, ներառյալ՝ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Միրզոյանը, հիշեցնելով հռչակագրի ստորագրման մասին, ասել է, որ կողմերը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն:
«Այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և հավելել, որ խաղաղությունն այժմ հաստատված է:
Կողմերն օգոստոսի 8-ին նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






