Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչելու դատարանի վերդիկտը և այն անվանել «լրջագույն հարված արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը»:
«Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայր Աթոռն ընդգծել է, որ երկրում արդարադատությունն ընտրողական է, և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու են՝ Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը հասնելու համար:
«Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց»,- հավելել են Մայր Աթոռից։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել։ Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար:
Սեպտեմբերի 24-ի դատարանը մեղավոր էր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդին՝ անփոփոխ թողնելով գործող խափանման միջոցն ու սահմանափակումները։ Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 29-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







