Կրեմլը չի կարող համաձայն լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերաբերյալ բոլոր հայտարարություններին, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը պայմանավորված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմամբ։
«Նրանց միջև երեկ տեղի է ունեցել հանդիպում։ Իհարկե, պարոն Թրամփը լսել է, թե ինչ է տեղի ունենում՝ Զելենսկու տարբերակով։ Եվ, ըստ երևույթին, այդ վարկածն էլ հենց դարձել է նման գնահատականի պատճառը, որն էլ մենք լսեցինք»,- նշել է Պեսկովը։
Մեկնաբանելով այն, որ Կրեմլը մինչ այդ չէր արձագանքել Թրամփի հայտարարություններին, Պեսկովն ընդգծել է. «Երբ հնչեցին Թրամփի հայտարարությունները, Մոսկվայում արդեն գիշեր էր։ Կլիներ տարօրինակ, եթե Կրեմլը արձագանքեր գիշերով»։
Սեպտեմբերի 23-ին Թրամփը Զելենսկու հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո նշել էր, որ ռուսական տնտեսությունը «վատ վիճակում» է, չէր բացառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը, ինչպես նաև քննադատել էր այլ երկրներին՝ ռուսական էներգակիրներ գնելու համար։
Բացի այդ, Թրամփը նշել էր, որ ԵՄ աջակցությամբ Ուկրաինան կարող է վերադարձնել իր կորցրած տարածքները և «հնարավոր է՝ նույնիսկ ավելին»։ Նա ընդգծել էր, որ այդ եզրակացության է եկել՝ «ծանոթանալով և լիարժեք հասկանալով Ուկրաինայում ռազմական և տնտեսական իրավիճակը»։ Թրամփը հավելել էր, որ Ուկրաինային եվրոպական երկրների հետ համատեղ անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը կքննարկվի ավելի ուշ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







