Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, նշել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։
«Ես կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ըստ նախատեսվածի»,- իր ելույթում ասել է Էրդողանը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






