ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Բրեդ Շերմանը կրկին քննադատել է հոգևորականների և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Հայաստանում։
«Բարձրաստիճան հոգևորականների, շատ հայտնի հայ գործարարի դեմ առաջադրվել են այս կամ այն տեսակի մեղադրանքներ։ Եվ թույլ տվեք ասել, որ մենք պետք է տեսնենք արդար, ազատ ընտրություններ, որոնց ընթացքում ոչ ոք չի բանտարկվի, ոչինչ չի բռնագրավվի սովորական քաղաքական գործունեության համար»,- Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Շերմանը:
Կոնգրեսականը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերը հիմնված են ժողովրդավարության վրա, և «կարևոր է, որ Երևանն ունենա ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ»։
Հուլիսին Շերմանը դատապարտել էր Կարապետյանի և հոգևորականների ձերբակալությունը և Հայաստանի իշխանություններին կոչ արել պահպանել ժողովրդավարական սկզբունքները։




































