«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը:
«Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում»,- ասված է հայտարարության մեջ:
ԲՀԿ-ն ընդգծել է, որ նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն: Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ:
«Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար: Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության»,- նշված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






