ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհարվել են ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի պատճառով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով խորհրդարանում իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ Քոչարյանը Սիմոնյանից պահանջել է հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել զեկույցը, սակայն վերջինս հայտնել է, թե չի կարող շրջանցել կանոնակարգ օրենքը և շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։
Քննիչ հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին՝ սկզբում 6 ամսով, այնուհետև ևս 6 ամսով երկարաձգվել։ Օրենքի համաձայն՝ 2023-ին Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները և ներկայացնել եզրափակիչ զեկույց, ինչը չի արվել։
Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլևս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար, գրում է թերթը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ զեկույցում առկա են «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք և վստահեցնում, որ հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։
2024 թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մարտի 5-ին Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025 թվականին խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։






































