Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում խոսել է Հայաստան ժամանած, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպման մասին։
«Քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- տեղեկացրել է Ռուբինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով Քըլըչի հետ հանդիպումից։
Ռուբինյանը նշել է, որ առաջիկա ժամերին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կլինի։
ԱԺ փոխխոսնակը նաև արձագանքել է ՀՅԴ երիտասարդների ակցիային՝ Թուրքիայի նախապայմանները կատարելու և բանակցողների, այդ թվում՝ իր քաղաքականության դեմ։ Նա «ուշացած ու անիմաստ» է անվանել ակցիան՝ շեշտելով, որ ակցիայի մասնակիցների «պնդումները հիմնված են կեղծ տեղեկությունների վրա»։
«Այդ պիկետը մի երկու ժամ շուտ պետք է իրականացվեր, երկրորդը՝ ոչ թե կառավարության դիմաց, այլ ԱԳՆ-ի, որովհետև մեր հանդիպումն այնտեղ էր»,- հավելել է Ռուբինյանը։
Նա հակադարձել է ակցիայի մասնակիցների այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ բանակցությունների առարկան իշխանությունները գաղտնի են պահում։
«Բանակցությունների առարկան գաղտնի չի պահվում, հանդիպման արդյունքները կհրապարակվեն»,- եզրափակել է նա։
2022-ից երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
2025-ի սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր Ռուբինյանի և Քըլըչի առաջիկա հանդիպումը, սեպտեմբերի 12-ին Քըլըչն այցելել էր Հայաստան։





































