Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը սուվերեն իրավունքի ուժով պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից, Ilur.am-ին ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, Տեր-Պետրոսյանը նախ պատասխանել է, որ կխուսափեր այդ բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում հասարակության ակտիվ շերտերում:
«Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը»,- նշել է առաջին նախագահը:
Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանը, ՀԱԿ առաջնորդի համոզմամբ, ի վիճակի է միջազգային իրավունքի պահանջների համաձայն՝ երաշխավորել նրանց անխափան գործունեությունը:
«Այդ հարցում Հայաստանը, կամա թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»,- հավելել է Տեր-Պետրոսյանը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնել 2026-ին ավարտել ճանապարհի այդ հատվածի աշխատանքները:




































