ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի շենքի բակում հայտարարել է, որ իշխանափոխության հարցը միշտ եղել է օրակարգում և այսօր էլ օրակարգում է։ Նրա կարծիքով՝ դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ ճանապարհը կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է՝ իմփիչմենթի միջոցով, որի երկու տարբերակ է նշել:
«Խորհրդարանը ոչ միայն խոսելու, այլև լսելու տեղ է։ Ով ականջ ունի՝ կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ-երկու անգամ են հնարավորություն ունենում, չլինելով պատգամավոր, խոսել Ազգային ժողովի ամբիոնից»,- նշել է Սարգսյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի իմփիչմենթի հնարավորությունը՝ երրորդ նախագահը հիշեցրել է աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
«Ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն Նեպալում և Ֆրանսիայում. ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանն իմփիչմենթի ենթարկելու երկու ձև՝ մեկը Նեպալում՝ բռնության և սպանության միջոցով, մյուսը՝ Ֆրանսիայում՝ խորհրդարանի միջոցով։ Ի՞նչ պետք է առաջարկենք մեր ժողովրդին հիմա»,- նշել է նա։
Դատավարությունից հետո նախկին նախագահը լրագրողներին ասել է, որ երկրում ներկայումս կա քաղբանտարկյալների ռեկորդային թիվ, և «նրանց թիվը կաճի»։ Նրա համոզմամբ՝ բանտերը գերբնակեցված են ընտրություններից առաջ ընդդիմության վրա ճնշումների պատճառով։
Սարգսյանը խուսափել է պատասխանել Հանրապետական կուսակցության՝ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին. «Ժամանակը կգա, և մենք որոշում կկայացնենք»։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հունիսի 27-ին հայտարարել էր, որ միանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես հայտարարել էր իր պատրաստակամության մասին՝ աջակցելու արքեպիսկոպոսին իմփիչմենթի գործընթացի ընթացքում վարչապետի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ հօգուտ Աջապահյանի։ Արքեպիսկոպոսը, սակայն, կոչ էր արել չկապել իր անունը վարչապետի պաշտոնի թեկնածուների հետ։




































