Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ արձագանքելով ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա», գրել է «Արմենպրես»-ը։
«Երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- լրատվամիջոցին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել օգոստոսի 31-ին։ Պակիստանը համարվում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը և ակտիվորեն համագործակցում է նրա հետ ռազմական ոլորտում։ Ըստ Երևանի՝ Պակիստանի բանակի հատուկ նշանակության ուժերը նույնպես գործել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բացի այդ, Պակիստանը հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։


































