1․ «Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Բաղդասարովը իր դիմումում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի:
2․ «Իրատես» թերթը գրում է, որ իշխանությունը, ըստ «օդում կախված լուրերի», առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է մեղավոր գտել կորոնավիրուսի հետևանքներով իրավիճակի կառավարման տապալման համար։
Պարզվում է նաեւ, որ առողջապահության նախարարից ազատվելու հարցը հասել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Կառավարությունում խոսակցություն է պտտվում, թե Արսեն Թորոսյանը Հայաստանում, այսպես ասած, ԱՀԿ-ի «ազդեցության գործակալ» է, և այս եզրահանգումը պատահական չէ։
Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԱՀԿ-ի ղեկավարի հետ, վերջինս նրան հորդորել է Արսեն Թորոսյանին պաշտոնից չազատել։
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մայիսի 11-ին, ժամը 13:00-ին կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ընդունել է հանձնաժողովի հրավերը և հաստատել մասնակցությունը։
Այսօր՝ մայիսի 8-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կմասնակցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին և կներկայացնեն իրենց միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
4․ «Իրատես» թերթը գրում է, որ Շրջակա միջավայրի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է՝ Էրիկ Գրիգորյանի ազատման պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը կապված է հանքարդյունաբերության հետ. «Կառավարության` ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներից մեկը (Սուրեն Պապիկյան) հարցում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարին, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ պահպանվող տարածքներից օտարվել են ահռելի տարածություններ ու տրամադրվել հանքարդյունաբերողներին: Գրիգորյանի կաբինետը մինչև հրաժարականի օրն այդպես էլ չի պատասխանել այդ հարցմանը: Խոսքն «Արևիկ» ազգային պարկի մասին է: Չեմ բացառում՝ նաև Ամուլսարի հողահատկացումների հետ կապված հարց է եղել»:
Թերթի զրուցակիցը նշել է, որ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ծաղկում էր ապրում նրա հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունների գործունեությունը:
Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաև անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ: Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել։
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որի սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։
Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից թերթին հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը և մարտից փակել է այն։
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: Այս պահին իշխանության ներսում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, և արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենայդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, և եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով։
7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ:Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ և աչալուրջ պաշտոնյա: Նրա առջև խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իխանությունները չգիտեն ինչ անեն հանրաքվեի հարցում, կանչել են «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին, որ նա լուսանցք գտնի։ Նա ասել է՝ միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է` սահմանափակման գոնե մեկ բաղադրիչը պահելով։
Բայց «Ոչ»-ի դիրքերը գնալով ամրանում են, քաղաքական ուժերն էլ միավորվելու փորձեր են անում։ Քննարկումներն ընթանում են հիմնականում արտախորհրդարանական ուժերի շրջանում, ինչից հատկապես վախենում է Փաշինյանը: Այդ տիրույթում հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանը, և վերջինիս երեկ ՀՔԾ կանչելն էլ կապված է այդ հեռանկարի հետ։
9․ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան և մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։
Թերթին ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, և իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել և ուժով անցկացնել օրենքը։
Աննա Կարապետյանը թերթի հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:
10․ «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեփականության վերաբաշխման իդեա-ֆիքսն իրականացնելու ճանապարհին իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, և «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ, որոնք բիզնես պլան են առաջարկել. վերցնել Խաչատրյանների ձեռքից «Յուքոմը», պարտադրել վաճառել ընկերությունը`գինը թելադրելով, Եսայանները կգնեն այն և համատեղ կառավարում կիրականացնեն` իրական օպերատորին խաղից մեկընդմիշտ հանելով:
Ինչ-որ պահից սկսած` Խաչատրյանները հասկացել են` ինչ օպերացիա է իրականացվում, կողմերին մեսիջ են ուղարկել. «Դուք ի՞նչ է, մեզ լրիվ հիմարի տեղ եք դրե՞լ. չենք վաճառում ընկերությունը»։ Ասել է` խափանել են իշխանություն-Եսայաններ պայմանավորվածությունները: Արդյունքում` գործ հարուցվեց Խաչատրյանների դեմ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






