Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեք խաղաղության հասնելու գործընթացում։
«Երևանում մեր քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա՝ շեշտադրելով հաղորդակցման հարցերը, ապագա սահմանային համագործակցությունը և տարածաշրջանի ապաշրջափակումը՝ խաղաղության ընձեռած հնարավորություններով, ինչպես նաև հաշտեցման ջանքերը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պատմական համաձայնագրերից հետո»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Գրոնոն քննարկել էին Հարավային Կովկասում իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։





































