Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու «42 կիլոմետրանոց՝ Թրամփի միջանցք»-ը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Օրաթերթի տեղեկություններով՝ ամերիկացի հյուրերը քննարկելու են ոչ միայն միջանցքի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, այլև ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաև շինաշխատանքների մեկնարկի ժամկետները։
Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է հստակեցնել քայլերի հաջորդականությունը, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արդեն նախաստորագրված հուշագրի տարբերակի գործնական իրականացմանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































