Հանրային խմբերի անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Կառավարության 2019 ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է գործադիրը կարողացել մեկ տարվա ընթացքում պետությունը կեղեքող ռեժիմից վերադարձնել հանրությանը, կամ ինչ է արվել, որ հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացվածը:
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, ճիշտ է՝ այս տարի ընդունվեց, բայց արդարադատության նախարարության նախորդ տարվա աշխատանքի արդյունքն էր: Անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումի մեջ: Պարզ է, որ ապօրինի հարստացածները, որ իրենց կյանքը, անունը, կարիերան դրել են ամեն ինչի մեջ, հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից: Սակայն առանց արդարության վերականգնման մեր երկրում չի մարելու հանրային դժգոհությունը, չի վերականգնվելու իրական հանրային համերաշխությունը: Կարծում եմ, որ սա այն օրենքներից է, որը հաջողություն ունենալու դեպքում կոնկրետ օրինակներով բացահայտելու է մեր անցյալը, մենք առերեսվելու ենք մեր անցյալի հետ։ Կարևորում եմ, որ այս օրենքը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև օգնելու է անցյալի սխալները չկրկնելու հարցում: Մյուս տարի ԱԺ-ում կլսենք այս օրենքի կատարման հաշվետվությունը, ու վստահ եմ, որ ողջ հանրությունը, ինչպես և ես, մեծ սպասումներ ունենք այդ օրից»,- նշեց Նազարյանը:
ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ նաև հակակոռուպցիոն ռազմավարությանը՝ շեշտելով, որ այն արժանացավ քաղաքացիական հանրության հավանությանը:
Նա տեղեկացրեց՝ հակակոռուպցիոն կոմիտեն կստեղվի մյուս տարի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար, օժտված կլինի անհրաժեշտ գործիքակազմով և հաշվետու կլինի վարչապետին ու ԱԺ-ին։
«Իրավապահ համարակարգի գործունեության արդյունքում՝ պետությանը հասցված վնասից վերադարձվել է մոտ 46 միլիարդ դրամ։ Խոսվում է, թե մոռացվել է անցումային արդադատությունը՝ հաստատվեց, նախարարը շրջանառության մեջ կդնի համապատասխան օրենք։ Հույս եմ տածում, որ հեղափոխական կարգերին ծառայող «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ու փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը հիմնականում կտան մեզ մեր անցյալ կյանքի իրական պատկերն ու արդարության վերանգնումը»,- նշեց Նազարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






