Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, Չինաստանի Թիենծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում Հայաստանը և ԱՄՆ-ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը, որը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։
«Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ՝ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար»,- նշել է Փաշինյան։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







