Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են ու կարևորել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 11-ին Փաշինյանն Էրդողանին էր ներկայացրել ամերիկյան բանակցությունների արդյունքները։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































