Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումը, հայտնում է «Ռիա Նովոստին»։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է նրա հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իրենց զրույցն օգտակար և բովանդակալից կլինի։
Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ կողմերը միշտ հագեցած օրակարգ ունեն։
«Շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նկատի ունի ինչպես երկու երկրների ղեկավարների անձնական երկխոսությունը, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսությունը:
Ավելի ուշ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է հայտնել՝ նշելով, զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։
Փաշինյանը և Պուտինը բարձր են գնահատել երկու երկրների միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են 20-ից ավելի օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այն անցկացվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Օգոստոսի 31-ին գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու հայտարարություն էին ընդունել։
Հոդվածը թարմացվել է 20։00-ին։






































