Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին կմասնակցեն 20-ից ավելի օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Գագաթնաժողովին օտարերկրյա առաջնորդներից կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլք։
Բինի խոսքով՝ պետությունների ղեկավարները կքննարկեն Շանհայի համագործակցության կազմակերպության փորձը, կուրվագծեն կազմակերպության զարգացման ուղղությունը, կհասնեն համաձայնության ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Նրա կազմում են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։
Բելառուսը պաշտոնապես միացել է կազմակերպությանը 2024 թվականի հուլիսի 4-ին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովում։ Աֆղանստանը և Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան։




































