Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասի խնդիրներին արտաքին խաղացողների ներգրավումը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, չպետք է հակամարտություններ հրահրի։
Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրերն ուժի մեջ են մնում։
«Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել դրանցից, ոչ ոք չի կարողացել ավելին անել»,- շեշտել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնագրերն անվանել է «անցյալ», Զախարովան պատասխանել է․ «Նույնը կարող եք ասել նրա հայտարարության մասին, դա երեկ էր։ Սրանք խոսքի ձևեր են, բայց կան փաստաթղթեր։ Բոլորը հղում են կատարում դրանց, և դրանք դեռևս ուժի մեջ են»։
Մեկնաբանելով «Թրամփի երթուղու» մասին հայտարարությունները՝ Զախարովան հիշեցրել է, որ օգոստոսի 8-ի համաձայնագրերը հաստատում են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։ Նա նշել է, որ դա նախկինում ամրագրված էր եռակողմ խմբի շրջանակներում։ Մոսկվան դեռևս որևէ մանրամասնություն չունի «Թրամփի երթուղու» նախագծի վերաբերյալ, և այն լուրերը, որ Մոսկվան փորձում էր Սյունիքում միջանցքի էքստրատերիտորիալության հասնել, միայն «ուղղված են եռակողմ ձևաչափը վարկաբեկելուն», շեշտել է Զախարովան։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






