ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտել են Հայաստանում «իշխանությունը բռնազավթած նախկինների խմբակների վերջնական քաղաքական ոչնչացման փուլ»։
«Նրանք ձեռքերը փրփուրներից են գցել, և հիմա փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որպեսզի նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, իսկ օգոստոսի 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։
«Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք, չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ իր պարտքն է համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






