ԱԺ-ում շարունակվում է «Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ արտառոց ոչ մի բան չկա՝ դեռևս նախորդ տարվանից իրենց համար պարզ էր, որ Մեծամորի ատոմակայանն առաջիկայում վերազինման նպատակով ժամանակավոր դադարեցնելու է աշխատանքը, բայց էներգետիկ բալանսում որևէ խնդիր չի լինի:
Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ ատոմակայանի վերազինման համար և նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում: «Հիմա ֆինանսավորման կարգի փոփոխություն ենք կատարում, ՀՀ-ն ճիշտ է համարում հիմա ֆինանսական նոր միջոցների ներգարվումը: Եվ բանակցում ենք գործընկերների հետ նախկինում ունեցած համաձանագիրը, որն ավարտվել էր, չերկարացնելու շուրջ»,- նշեց Պապիկյանը:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ նոր գործընկերներ ասելով, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ունի բավարար ներգրաված ֆինանսական միջոցներ, որոնք օգտագործված չեն: Եվ այդ ֆինանսական միջոցները կարող են ուղղորդվել նաև ատոմակայանի վերազինման համար:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե առաջիկայում ատոմակայանի արտադրած էլէներգիայի սակագինը թանկանալու է 4 դրամով, նախարարը պատասխանեց. «Քանի որ նախկինում վերցված վարկի վճարման ժամկետներն արդեն մեկնարկել են, իսկ աշխատանքները դեռ ավարտված չեն հայտնի պատճառներով, բնականաբար, այդ ֆինանսական միջոցերը օգտագործելու խնդիր կա: Բայց այս փուլում չխոսենք թանակացման մասին, որովհետև օրակարգում դեռ այդ հարցը չկա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







