Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական և դաշնակցային։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկ հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, ևս մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Նա նաև տեղեկացրեց, որ այսօր էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանը փորձում է բարձրացնել ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անդամակցության արդյունավետությունը:
«Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատվում է բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր։ Կա օրակարգ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ գաղտնիք չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու։
«Հայաստանը պետք է իրեն նոր կարգավիճակով ներկայացնի»,-նշեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






