«Վարչության նիստերի հետ կապված՝ սովորաբար նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Իսկ հաճախականությունը պայմանավորված է տարբեր թեմաներով, տարբեր հարցերի հետ կապված որոշումներ կայացնելու առնչությամբ. դա կարող է լինել թե՛ կորոնավիրուսին առնչվող իրավիճակ, թե՛ այլ»։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՔՊ վարչության նիստին քննարկվել է պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի և Աննա Կարապետյանի պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը։
Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր, իսկ թե այդ հարցերն այս փուլում ինչին են առնչվում, Մակունցը չհրապարակեց՝ խմբակցությունում պատգամավորների մանդատները վայր դնելու մասին լուրերը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց՝ ներքին հարցեր լինելու պատճառով։
«Խնդրում եմ իմ արձագանքը չընկալել որպես հաստատուն ձեր հարցի։ Տարբեր բնույթի հարցեր քննարկելը որևէ խնդիրների մասին չի խոսում, հակառակը, խոսում է այն մասին, որ մենք շատ աչալուրջ ենք բոլոր տեսակի հարցերի նկատմամբ, և դրանց տալիս ենք արագ և շուտափույթ լուծում։ Չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան»։
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից խմբակցության նկատմամբ դժգոհությունների լինել-չլինելուն, ապա խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:
«Գիտեք նման հարց, գոհ կամ դժգոհ լինելու, ընդհանրապես չի քննարկվում: Մենք նման շեշտադրումներով չենք խոսում, վարչությունում այդպիսի շեշտադրումներ չեն արվում: Կարգապահական հարցերից խոսելը միտված է նրան, որ մեր աշխատանքը դարձնենք առավել համակարգային, արդյունավետ և ինքներս մեր առջև ենք առաջին հերթին պահանջներ դնում»,- ընդգծեց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ վերջին 2 տարվա ընթացքում հաճախակի են դարձել այն դեպքերը, որ կալանավորման որոշումից հետո անձը փախուստի է դիմում, հարցին՝ ում թերացումն է դա, Մակունցը պատասխանեց ընդհանրական ձևով.
«Նախորդ շաբաթ էլ այդ առումով հնչեցրի առաջարկ, որ, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունը բաց է և համագործակցային է իրավապահ համակարգին օգնել՝ տրամադրել բոլոր լրացուցիչ գործիքները, որոնք իրենց աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։ Մենք առաց նրանց հետ աշխատելու, համագործակցելու գործիքներ ստեղծելուն այդքան էլ հակված չենք, որովետև հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ցանկացած նմանատիպ գործիք կարող է օգուտ տալ և տասը այլ բանին վնասել։ Հետևաբար մենք ակնկալում ենք իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։ «Իմ քայլը» խմբակցության անունից չեմ կարող չհնչեցել մտահոգություն՝ նմանատիպ դեպքերի առնչությամբ»։
Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձներին՝ Մակունցը չցանկացավ որևէ մեկնաբանություն հնչեցնել. «Բովանդակային մասին էլ պետք է իրավապահ մարմիններն անդրադառնան»։
Նա նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի չի ունենա, քանի դեռ վտանգավոր է բազմամարդ միջոցառումներ անցկացնելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






