Մենք ժամանակին առաջարկում էինք օրենքը փոխել, վարչապետին տալ հնարավորություն, որ առանց այդ տեսակ քյանդրբազության, հստակ ընթացակարգով ԱԱԾ-ում ուղիղ նշանակումներ անի: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն:
«Պետք է առանց քյանդրբազության ուղիղ ձևով, ազնիվ նշանակումներ անի և ասի, որ դա քաղաքական է, այս մարդուն եմ վստահում, այս մարդուն եմ նշանակում: Նույն բանը արել է Սերժ Սարգսյանը Կուտոյանի ժամանակ: Որ ասում էինք, իրենք ասում էին՝ բա գնդապետները չպե՞տք է նշանակվեն, տեսա՞ք մարդը ոնց է մեկ օրում դառնում գնդապետ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Քյարամյանի անձին, Մարուքյանն ասաց, որ նրան չի ճանաչում, չգիտի նրա ունակությունները: Նա նաև նշեց, որ Սահմանադրությունն այնպես է գրված, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը ՀՀ-ում վարչապետն է, ոստիկնապետն էլ է վարչապետը:
«Հետևաբար, եթե ինքը որոշել է, որ այդ մարդուն այնտեղ նշանակի, ուրեմն մի բան գիտի, այդ մարդուն է վստահում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ վերջին երկու տարիների ընթցքում անընդհատ խոսվում է կոպեկ առ կոպեկ վերադարձնելու մասին, բայց միայն արդարադատությունից խուսափողներ ենք տեսնում, Մարուքյանն ասաց, որ վարչապետը դա հենց նոր ամբիոնից ընդունեց, որ չի ստացվել և ասաց՝ կա սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառեն:
«Մենք դրա մասին էլ էինք ասել, բայց երբ մենք ասում էինք, ասում էին՝ թալանչիներին եք ուզում օգնել: Այն, ինչ ասել ենք երկու տարվա ընթացքում, հերթով լինում է, որ մեր ասածների կեսն էլ անեն այսպես չի լինի: Ասել էինք մարդկանց 100 հազար դրամ տվեք, թող որոշեին 50 հազար տային, տալու են, կտեսնեք, որ տալու են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը մայիսի 5-ին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






