Կա կասած, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ:
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Մարուքյանը հետաքրքրվեց, թե որն է խստացումների պատճառը, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանալ՝ նշելով․
«Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգան, իմանանք ինչ ենք անում, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք»։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ձեռնոցները և դիմակները որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը:
«Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք կրել, կարող եք՝ ոչ:
Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ աշխատանքները»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղուց արդեն հայտնել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց բացակայությունը կհամարվի հարգելի:
Նա նշեց՝ ԱԺ աշխատանքները որևէ կերպ արտակարգ դրությամբ չեն խոչընդոտվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






