Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ ծրագրից, թեև մի քանի շաբաթ է՝ որևէ հայտարարություն չի արել եկեղեցու դեմ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթը մանրամասնել է, որ Փաշինյանը շփոթված է և չգիտի՝ ինչպես գործել:
«Փաշինյանը հասկանում է և գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Նա փորձում է հոգեբանորեն հյուծել նրան, որպեսզի Գարեգին Բ-ն ինքը լքի պաշտոնը»,- գրում է լրատվամիջոցը։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է նաև, որ կաթողիկոսն ԱՄՆ է մեկնել առողջական խնդիրների պատճառով։
Մայիսի 29-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։ Այնուհետև վարչապետն առաջարկել էր կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա՝ տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։





































