«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»:
Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե ինչու ինքը չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանել է. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասել է նա:
Հաջորդ դիտարկմանը, թե եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչու այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանը պարզաբանել է, թե Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն: «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: «Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասել է նա:
Մինասյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի պատմել գործարքի առաջարկի մասին, ասել է. «Ուզում եմ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:
Խոսելով հայրենասիրության մասին՝ Մինասյանը վկայաբերել է 2015թ.-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը, վերջինիս այցը Հայաստան և Վատիկանում ադրբեջանական և թուրքական լոբբիի դեմ տարված հաջող պայքարի մասին. «Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի պատերի ներսում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, բազմաթիվ պետական փաստաթղթերում»,-նշել է նա։
Մինասյանը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, նա դավաճանել է ժողովրդին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






