Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակցությունները, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշվում է, որ Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջան բանակցությունների արդյունքների առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։
«Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին»,- ասված է գրառման մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:






































