«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Ավետիսյանը վստահ է իր քաղաքական ուժի բացարձակ հաղթանակում և կալանավորվելու մտավախություն չունի։ Նա այդ մասին լրագրողներին հայտարարել է տեղական ինքնակառավարման ընտրությունների (ՏԻՄ) քվեարկությունից հետո։ Armenia Today-ի ուղիղ հեռարձակումը Սպիտակից՝ Youtube-ի ալիքում։
Ավետիսյանը հաղթանակի նկատմամբ իր վստահությունը հիմնավորել է նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքի բնակիչների վերաբերմունքով։
Անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների կալանավորումներին և իր նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությանը՝ նա հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչի հանուն համայնքի բնակիչների։
«Ես հիմա կանգնած եմ մեր ժողովրդի կողքին, մեր ժողովրդի և մեր համայնքի զարգացման համար եմ գնացել այս քայլին, ժամանակը ցույց կտա մնացածը»,- ասել է նա։
Ավետիսյանի գնահատմամբ՝ իրեն կալանավորելու դեպքում գործը շինծու կլինի, սակայն նա չի կարծում, որ նման զարգացում կլինի։
Թեկնածուն բացառել է նաև ընտրություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը՝ նրանց անվանելով իշխանական ուժեր։
«Մենք միակ ընդդիմությունն ենք»,- ընդգծել է Ավետիսյանը։
Խոսելով հնարավոր ընտրախախտումների մասին՝ նա կարևորել է վստահված անձանց աշխատանքը՝ ընդգծելով, որ նրանք պետք է ուշադիր հետևեն քվեարկության ընթացքին մինչև ընտրատեղամասերի փակվելը։
Մեկնաբանելով հոսանքազրկումն այն ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկում էր, Ավետիսյանը հայտնել է, որ կփորձի պարզել դրա պատճառները։ Նրա խոսքով՝ էլեկտրամատակարարումը շուտափույթ չվերականգնելու դեպքում համապատասխան մարմինները պետք է զբաղվեն խնդրով։
Ավետիսյանը հավաստիացրել է, որ ընտրություններում չհաղթելու դեպքում ևս կշարունակի աշխատել համայնքի համար։
Հայաստանի 7 մարզի 12 համայնքում նոյեմբերի 29-ին անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Սպիտակում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, «Բարոյական արժեքները»՝ Համլետ Մազմանյանի, և «Ուժեղ Հայաստանը»՝ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ավետիսյանը նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում բնակարանաշինությունը կսկսի համայնքի կառավարման հենց սկզբում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







