«Լավրովի հայտարարության մասով եղել են մեկնաբանություններ իմ մակարդակով, խոսնակի մակարդակով, և հիմա մենք պետք է բնականոն շարունակենք աշխատել»: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե չնայած իրենց հավաստիացումներին, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց կա փաստաթուղթ:
«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա։ Մենք ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը ներառում է նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այդ առումով մենք այս երկու տարվա մեջ ունենք շարունակական բավական ընդարձակ աշխատանք, ընդարձակ հնարավորություններ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին»,- ասաց Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել և պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը և հետո նորից ներգրավվել աշխատանքներում:
«Մեր վերջին հանդիպումը Ժնևում էր, բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերին, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին: Մենք բոլոր այդ հարցերի շուրջ ունենք ծրագրված բաներ: Հիմա ես ուղղակի անհամբեր սպասում եմ, որ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի»,-հայտարարեց Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






