ՀՀ Կառավարությունն այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ հատկացնելու որոշմանը։
«2 մլրդ 253 մլն դրամը նախատեսվում է տրամադրել ԿԸՀ-ին, 660 մլն դրամ՝ 1500 տեղամասերում օնլայն համակարգով տեսանկարահանման և հեռարձակման հնարավորություն ապահովելու համար: 234 մլն դրամը նախատեսվում է տրամադրել ոստիկանությանը»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միևնույն է՝ այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն:
«Այո՛, ժողովրդի ազատ կամարտահայտության համար պետք է ծախսվեն գումարներ»,- ընդգծեց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան նախկինում Հայաստանում գործող համակարգը: «Ժողովրդավարական գործընթացների համար արվող ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ՝ անհրաժեշտություն»,- նշեց Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






