Ադրբեջանը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ հայկական կողմն աշխատում է մթնոլորտի առողջացման ուղղությամբ և իրականացվող քայլերը դրան ուղղված հումանիտար միջոցառումներ են։ «Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ձևաչափի վերականգնում, դրանից հետո արդեն՝ խոսակցություն հնարավոր լուծումների մասին, որը պետք է ընդունելի լինի տարածաշրջանում այդ լուծման կրողը հանդիսացող ժողովուրդների համար: Այս մոտեցումն ադրբեջանական կողմը ծանր է տանում»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում քննարկված տարբերակները ներկայիս իշխանությունը չի դիտարկում, որովհետև դրանք տարիների ընթացքում հաջողություն չեն ունեցել:
«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Մյունեխենյան սկզբուքներ»։
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






